Տպավորություններ Արցախից

       Image

    Արդեն երկրորդ անգամ մասնակցեցի բանակային առօրյա ունեցող ճամբարի: Առաջինը սկաուտական «Անդրանիկ» ճամբարն էր, որին մասնակցել էի ուղիղ երկու տարի առաջ: Իսկ երկրորդն արդեն այս ճամբարն էր: Դե ինչ, կփորձեմ կիսվել տպավորություններիցս:

 

            Եկավ հուլիսի 26-ը: Հոգեպես պատրաստվել էի այդ տասը օրին, ինչպես երևի զինվորներն են պատրաստվում իրենց երկու տարվան: Սկզբում այդքան էլ չէի ուզում մասնակցել՝ մտածելով, որ միգուցե չհարմարվեմ միջավայրին: Սակայն լոկ այն հույսը, որ տեսնելու եմ Արցախը, վստահություն էր ներշնչում ինձ: Չեմ նկարագրի ճանապարհի ընթացքը: Կեսօրին արդեն հասանք Այգեստան գյուղ, որի մոտակայքում էր գտնվում ճամբարը: Եղանակը հաճելիորեն զով  էր, իսկ տեղանքը՝ գրավիչ:   Բաժանվեցինք ըստ զորանոցների: Թվում էր, թե չեմ հարմարվի սննդին, պայմաններին, բայց գիտակցում էի, որ հենց այդ պակասություններն ավելի օգտակար էին լինելու: Եվ այդպես էլ եղավ, սնունդը ավելի համեղ սկսեց թվալ, իսկ մյուս պայմաններն ավելի էքստրեմալ էին դարձնում առօրյան: Զարմանալի էր՝ Երևանում կարողանում էի կատարել ընդամենը յոթ կամ ութ ուղղահայաց ձգում, իսկ այստեղ՝ տասնչորս: Միգուցե մարտական ոգին էր ավելացել, կամ էլ լեռների վրա գտնվելն էր ինձ դարձրել ավելի լեռնական:

              Այսպես՝ սովորեցինք Արցախի պետական օրհներգը, որն իմ կարծիքով ավելի հաջող է քան ՀՀ-ինը: Մի քանի օր հետո այցելեցինք Ամարասի վանք (երազանքս էր տեսնել այն), իսկ հետո՝ Շուշի: Ասեմ, որ երբեք այդքան գեղեցիկ չէի տեսել այն: Ամարասից վերադառնալիս ուղղակի մի հրաշք էր այն: Ձախ կողմից Շուշվա ձորը այն դարձնում էր ասես մի հեքիաթային անմատչելի քաղաք, որը կարծես լողում էր օդում՝ դեպի երկիքն ձգվող Ղազանչեցոց եկեղեցով: Ես այն նմանեցրի Գուլլիվերի Լապուտա քաղաքին: Այդ օրվանից մեջս ծնվեց ցանկություն՝ ապրել այդտեղ և օգնել վերակենդանացնելու երբեմնի հզոր քաղաքը, որը, ցավոք, հիմա ավերակ է:

            Արդեն հարմարվել էի ճամբարին: Հիշում եմ, թե ինչպես էինք ես ու Վրեժը ռազմական կյանքի հետ զուգընթաց իրար հետ սովորում նաև պատմություն: Ճամբարի ժամանակ մեկնարկվեց «Բրեյն-ռինգ» ինտելլեկտուալ խաղը, որը հաղթեց մեր դասակը:

            Օրերը հագեցած էին՝ փեինթ-բոլ, հրաձգություն, լողավազան, ճամփորդություններ: Երկրոդ ճամփորդությունը դեպի Գանձասարն էր և Ղըշլաղ գյուղում գտնվող Նիկոլ Դումանի տուըն-թանգարանը:

            Իսկ ետ վերադառնալիս այցելեցինք Դադիվանք, որի բնությունը ուղղակի ապշեցնում էր:

Հնարավորինս չափ փորձեցի ներկայացնել առօրյան: Չգիտեմ՝ ստացվեց, թե ոչ, քանի որ այն ապրումները, որոնք առաջացան ինձ մեջ, չեմ կարող նկարագրել: Եզրափակեմ գրածս՝  թվելով ճամբարից ստացած օգուտները: Նախ՝ օգնեց մեզ պատրաստվել ռազմական կյանքին՝ դարձնելով ավելի դիմացկուն, վստահ: Իսկ ամենակարևորը՝ ճամբարը լցրեց հոգիս հայրենասիրությամբ և հայրենիքին ամբողջությամբ նվիրվելու ձգտմամբ: Արցախն ինձ համար մի մարզ է՝ Հայաստանի մարզ: Մենք պետք ենք Արցախին և Արցախն էլ մեզ: Չլինի Արցախը՝ չի լինի մի մեծ ռազմական նեցուկ, մի աստվածային վայր՝ լի, ինչպես օրհներգի մեջ է նշվում, լեռնապահ վանքերով, Մռավով, Թարթառով: Չկա ինձ համար ղարաբաղցի, այլ՝ Արցախում ապրող հայ: Խոստովանեմ՝ ինձ համար այդ աշխարհն ավելի հոգեհարազատ է արդեն, քան Մայր Հայաստանը, իսկ վերադառնալով Հայաստան և այնտեղի հսկա անտառապատ լեռներից հետո տեսնելով Գեղարքունիքի անհյուրընկալ տափաստանները, ինձ զգացի «Առաքյալի» Պետրոս Կամսարյանի տեղում:

 

            

Advertisements