Հայ միջնադարյան արվեստը

vorotnavanq-0

Արվեստի ճյուղերից ընտրել եմ ճարտարապետություն, քանդակագործություն և նկարչական արվեստ։

Բագրատունյաց արքայատոհմի հաստատումը Հայաստանում հիմք է հանդիսանում խաղաղ, առանց պատերազմների ժամանակաշրջանում նոր արվեստ, գիտություն զարգացնելու համար։

Արաբական տիրապետության ժամանակ Հայաստանում ճարտարապետությունը լավ չէր զարգանում։ Դրա զարգացումը սկսվեց IXդ. վերջից և Xդ. սկզբից։

Վասպուրականում բարեկարգվում են Վան և Ոստան քաղաքները։ Աղթամար կղզում մի նոր քաղաք է հիմնվում։ Հիանալի էին կառուցված արքայական տաճար, եկեղեցու շենքը և կղզին ծովից բաժանող ու ծովախորշ առաջացնող պարիսպը։

Շիրակում հիմվում և արագորեն սկսում է զարգանալ Անին։ Քաղաքում կառուցվել էին թագավորական բազմահարկ պալատ՝ օժանդակ շենքերով, քարվանասարաներ, կամուրջ Ախուրյանի վրայով, Կաթոլիկե եկեղեցին, Գագկաշեն եկեղեցին ու բազմաթիվ այլ շենքեր։ Իզուր չեն Անին անվանում <<հազար ու մի եկեղեցիների քաղաք>>։ Կար ջրմուղ, որ բացառիկ երևույթ էր հայկական միջնադարյան քաղաքների համար։

Image Ախուրյանի կամուրջը

Image Անիի մայր տաճարը

Սելջուկների արշավանքների պատճառով Հայաստանում կանգ է առնում շինարարությունը, բայց Զաքարյանների իշխանության օրոք ամեն ինչ վերականգնվում է։  Կառուցվում են եկեղեցական շենքեր, կամուրջներ, բերդ-ամրոցներ, ինչպես օրինակ՝ Ամբերդի ամրոցը, Սանահինի կամուրջը, Թալինի և Սելիմի լեռնանցքերը քարվանսարաները, Կեչառիսի, Օհանավանքի, Սաղմոսավանքի եկեղեցական շենքերը և այլն։ Առանձին վանքերից բացի՝ կառուցվում են նաև վանական համալիրներ, որոնց կից գործում էին ուսումնագիտական կենտրոններ։ Նշանավոր էին վիմափոր Այրիվանքը (Գեղարդավանք), Սևանը, Գոշավանքը, Սկևռան։

Նշանավոր ճարտարապետներից էին Մանվելն ու Տրդատը։ Մանվելը կառուցել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին։ Նա <<այր էր՝ լի իմաստութեամբ և զորաւոր>> իր գործում, <<ճարտարապետ հանճարեղ>>։ Իսկ Տրդատը հիմնականում աշխատում էր Անիում։ Նրա նախագծով է կառուցվում Անիի մայր տաճարը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1001)։ Տրդատը նաև վերանորոգել է Կ. Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի գմբեթը, որը վնասվել էր երկրաշարժից։ Վերանորոգումից հետո գմբեթն ավել գեղեցիկ է դարձել և <<պայծառ, քան առաջինն>>։

Հայերը վերցնում են Մերձավոր Արևելքի ժողովուրդների ճարտարապետությունից, յուրացնում են նրա որոշ ձևեր և ստեղծում իրենց ինքնատի ճարտարապետական ոճը։ Սա էլ իր հերթին ազդեցություն է թողել այլ ժողովուրդների ու երկրների ճարտարապետության վրա։

Հայաստանում քաղաքները բաղկացած էին լինում երեք մասից՝ միջնաբերդից, բուն քաղաք (շահաստան) և արվարձան։ Առաջին երկուսը պարսպապատվում էին, իսկ արվարձանը տեղակայված էր լինում բուն քաղաքից դուրս։ Թագավորական և իշխանակն պալատները, մեկ առանձին եկեղեցի, մթերքի շտեմարաններն ու զենքի պահեստները գտնվում էին այստեղ։ Իսկ շահաստանում գտնվում էին հասարակական շենքերը, խանութները, արհեստավորները, վարչական շինությունները։

Զարգացավ նաև ամրոցաշինությունը։ Միայն Կիլիկիայի տարածքում կար հարյուր տասներկու բերդ։ Ամրոցները բաղկացած էին երկու մասից՝ միջնաբերդից և բուն ամրոցից։  Միջնաբերդում իշխանական դղյակն էր տեղակայված, իսկ բուն ամրոցում՝ զինվորների համար նախատեսված շինությունները, արհեստանոցները և այլ շինություններ։

Քանդակագործություն։ Քանդակները դրվում էին եկեղեցիների, շենքերի պատերի։ Միջնադարում դրանք չէին դրվում քաղաքների հրապարակներում կամ շենքերի առջև։ Պատկերվում էին ոչ միայն աստվածաշնչյան թեմաներ, այլև՝ աշխարհիկ թեմաներ։ Քանդակում էին մարդկանց, կենդանիներին, բույսերը։ Որպես օրինակ կարող եմ բերել Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին, որի պատերի վրա քանդակված են խաղողի մշակության ընթացքի մասին պատմող պատկերներ՝ որթի տնկումից մինչև խաղողի ստացումը։ Պատկերված են նաև դրվագներ Աստվածաշնչի Ծննդոց գրքից մինչև Ավետարանները։

IX-Xդդ. խաչքարերի արվեստը դառնում է քանդակագործության մի ճյուղ։ Սա յուրահատուկ է միայն հայկական մշակույթին։ Քարե սալի վրա պատկերվում էր քրիստոնեական խաչ, որը զարդարվում էր տարբեր զարդանախշերով։ Խաչքարերը կանգնեցվում էին մի կարևոր իրադարձության առիթով, նշանավոր գործիչների հիշատակին կամ էլ որպես մահարձան։ Նշանավոր խաչքարագործ վարպետներից էին Մոմկիը (Նորավանք) և Պողոսը (Գոշավանք)։

Image   Image

Image

Նկարչական արվեստ։ Մանրանկարչություն։ Մեզ հասած ավելի քան քսանհինգ հազար հայկական ձեռագրերի զգալի մասը ունի մանրանկարներ։ Աստիճանաբարմարդկանց ճաշակը և կուլտուրական մակարդակն ավելի էր բարձրանում, և նկարազարդ գիրք ունենալը գնալով ավելի էր պահանջվում։ Ինչպես հիմա եկեղեցի կառուցելը, այնպես էլ առաջ ձեռագիր պատվիրելը դարձել էր աստվածահաճո գործ և մեղքերի թողության երաշխիք։Այստեղ նույնպես պատկերվում էին դրվագներ Աստվածաշնչից։ Կիլիկիայում գործում էին Թորոս Ռոսլինն ու Սարգիս Պիծակը։ Թորոս Ռոսլինի <<Ճաշոց>> գրքի նկարները մանրանկաարչության գլուխգործոցներից է։ Մանրանկարիչներին կոչում էին նաև ծաղկող։ Ամենահայտնի ծաղկողներից էին Մարգարը (հավանաբար՝ Անի), Սիմեոնը (Նախիջևան), Մոմիկը և Թորոս Տարոնեցին (Գլաձոր), Օգսենի (Կիլիկիա), Մանվելը և Ծերունը։

Որմնանկարչություն։ Արքայական տները, եկեղեցիներն ու այլ կառույցները դրսից և ներսից զարդարվում էին որմնանկարներով։ Այսպիսի հուշարձաններից են Անիի իշխանական պալատները, Փրկչի ու Տիգրան Հոնենցու եկեղեցիները, Աղթամարի Արծրունյաց թագավորական պալատը։ Հայկական նկարչական արվեստի մեջ կար երկու ուղղություն՝

ա) կրոնական

բ) աշխարհիկ

Սրանք տարբերվում էին իրենց թեմատիկայով։

Հայ նկարիչների օգտագործած գույները դարերի ընթացքում չեն խամրել և չեն կորցրել իրենց փայլը։ Դրանց իմաստը պարզ և հասկանալի է հենց առաջին հայացքից։

Այս դարաշրջանում կերտված արվեստի այս գործերը գոյատևել են մինչ օրերս։ Հայ ազգը ցույց է տվել իր համաշխարհային մակարդակի հասնող հրաշալիքներով լի մշակույթը։ Իզուր չէ, որ շատ կոթողները շարժում են տարբեր օտարազգի մարդկանց հետաքրքրությունը։ Վարկած կա, որ հենց այստեղ և այս ժամանակաշրջանում է սկիզբ առել Վերածնունդը։

Օգտագործված գրականություն՝

ԵՊՀ <<Հայ ժողովրդի պատմություն>>

<<Հայոց պատմություն 11>>

Նկարներն` իմ կողմից, բացի առաջին նկարից, որտեղ պատկերված է Որոտնավանքը (Սյունիք)

Advertisements