Եսապատում.

keep-calm-and-graduate-school-3
2011 թ.: Մայիս ամիսն էր, երբ 9-րդ դասարանի քննություններից առաջ փողոցից ստացա դպրոցի այցեքարտը: Միանգամից նկատեցի դրա մեջ գրված լեզուների ցանկը, որոնք դասավանդվում էին այստեղ և որի մեջ կար նաև «թուրքերեն» բառը: Այս ժամանակ դեռ չէի սկսել թուրքերենի իմ ուսումնասիրությունը: Այդ ժամանակ դեռ շատ գիտելիքներ չկային իմ մեջ, որոնք հետագայում պետք է ագահաբար քաղեի նոր դպրոցիցս:
 
    Այսպիսով, ավարտել եմ Ա. Պ Չեխովի անվան դպրոցը: Ստացել եմ խորը, լուրջ գիտելիքներ՝ խորացված անգլերեն, հումանիտար առարկաներ: Սերը դեպի արևելագիտությունն արդեն սկսվել էր: Սակայն եթե իմ ճանապարհը շարունակեի այլ հանրակրթական դպրոցում, ապա դժվար թե բացի հանրակրթական ծրագրից ուրիշ գիտելիքներ ունենայի և, երևի, չէի ունենա բազմակողմանի հետաքրքրություններ և փորձառություն, որը ունեմ հիմա: Իսկ թե ինչպես է անցել իմ ճանապարհը, համառոտ կպատմեմ հիմա:

    2011թ. ամառվա օգոստոս ամիսն էր, երբ, վերադառնալով «Անդրանիկ» սկաուտական ճամբարից , սկսեցի մասնակցել մեդիադասերին: Այս ժամանակ առաջին հաջողությունս անգլերենի օլիմպիադայի հաղթանակն էր: Բայց սա դեռ սկիզբն էր:
Սեպտեմբերի 1: Ամեն ինչ անսովոր էր. զանգ չկար, կային համակարգիչներ. մինչ այդ անգամ հայերեն տպել չէի կարողանում: Սակայն իմ ամենասիրելի վայրը դարձավ ավագ-դպրոց վարժարանի ընթերցասրահը, որտեղ կյանքից ժամեր էին անցնում:
 
    Ավելի լավ է ձեզ հետաքրքիր դարձնելու համար պատմեմ, թե ինչերի եմ հասել, ինչեր եմ քաղել այս դպրոցից:
    Եթե խոսենք գիտելիքներից, ապա, կարող եմ ասել, որ իմ բազմակողմանի հետաքրքրությունները զարգացրել եմ այստեղ: Դե երևի 11-րդ դասարանի ամենասիրածս առարկան «արվեստն» էր: Ահռելի է գիտելիքների այն քանակը, որ ստացա այդտեղ: Միշտ կհիշեմ այն ոգևորությունը, որն ինձ ուղեկցում էր ամեն հինգշաբթի օրվա առաջին դասաժամին,  այդ հետաքրքիր ժամերը, որոնք, ավաղ, այնպես շուտ էին անցնում:
    Դպրոցում կարևորեցի այն, որ այստեղ կարող են քեզ դասավանդել ոչ միայն մարդիկ, ովքեր «ուսուցիչ» են կոչվում, այլ ընկերներ, որոնք քեզ ուղեկցում են քեզ անգամ հեռավոր ճամփորդությունների ժամանակ:
    Դե, չասեմ, թե ինչպիսի գիտելիքներ եմ ստացել, որովհետև թվարկելը շատ երկար կլիներ. թող այդ ամենն էլ իմ մեջ մնա:
    Ակամայից հարց է ծագում. բա դպրոցը բացի գիտելիքներից էլ ինչ պիտի տար:Բայց տվել է: Իսկ ճամփորդությունները: Ինձ թվում է, որ ոչ մի կրթական հիմնարկություն (երևի անգամ աշխարհում) այսքան չէր տա ինձ հնարավորություններ  ճամփորդելու, ինչքան սա տվեց: Ասեմ թիվը, թե ինչքան վայրերում եմ եղել և գուցե պարզ կլինի. շուրջ քառասուն, ևս 10-ը՝ Թուրքիայում, իսկ մոտ 15-20-ը՝ Վրաստանում: Ով կմտածեր, որ երեք անգամ կլինեմ Արցախում, կլինեմ Սյունիքում, վեց օր կլինեմ NASA-յի ճամբարում, կշրջեմ Արմ. Հայաստանում, կլինեմ այնպիսի էքստրեմալ վայրերում, որոնցից են Վայոց ձորի սարերը: Իսկ ինձ թվում է՝ եթե միայն Իզմիրի տիեզերական ճամբարը տար այս դպրոցը, ապա դարձյալ միայն դրա համար ուղիս կշարունակեի այստեղ:
Հիշում եմ, երբ առաջին տարվա հոկտեմբեր ամսին պատրաստվել էի դեպի Տաթև ճամփորդությանը, և դա չէր ստացվել: Պատճառը բերքահավաքն էր, որը պետք է լիներ Վայոց ձորում: Կարծես ամեն ինչ վերջացել էր, էլ ուրիշ ճամփորդություն չէր լինելու: Սակայն ուսուցիչներից մեկն ասաց, որ առջևում դեռ ինչքան ճամփորդություններ կլինեն: Այդ պահին այդ խոսքերը լուրջ չընդունեցի. մտածեցի, որ մխիթարանք են (մյուս տարվա նույն ամսին նույնպես հնարավորություն կար Տաթևը տեսնելու, բայց էլի բերքահավաքը խանգարեց): Սակայն հետագայում, իրոք, մասնակցեցի շատ ճամփորդությունների:
Եթե ամենահագեցած և ամենալավ ճամփորդությունը Իզմիրինն էր, ապա ամենակարևոր և ամենահեղաշրջումայինը «Ասպետ» ռազմամարզական ճամբարն էր, քանզի դրա շնորհիվ կարողացա սիրել հայրենիքս: Հիմա, կարելի է ասել, արդեն սկսել եմ հայրենանվեր մի փոքրիկ գործունեություն, ինչպես, ասենք, իմ տնօրենն է սկսել:
​Չեմ լքելու Հայաստանը. միգուցե այս ժամանակաշրջանում այսպիսի խոսքով ամեն ինչ ասված է արդեն:  
Դպրոցում իմ մեջ առաջացան այնպիսի արտառոց նպատակներ և ցանկություններ, որոնք ապագայում, անշուշտ, իրակացնելու եմ: 
Ես ինձ համարում եմ փնտրող մարդ: Փնտրեցի գիտելիքներ, ստացա դրանք, փնտրեցի հենց այսպիսի մի հիմնարկ և ստացա այդ: Իսկ դպրոցի դերն ինձ ուղղորդելու հարցում անհերքելի է:
    
Երջանիկ եմ ես: Երջանիկ եմ, քանզի այսքան բաների եմ հասել: Չեմ ուզում եսասեր լինել, բայց, մեկ-մեկ ինձ թվում է , որ այնքան բաների, ինչքանի ես եմ այստեղ հասել, ոչ ոք չի հասել: Բայց ես իրոք ուզում եմ, որ մյուսները ինձանից հարյուրապատիկի հասնեն: Եվ երջանիկ եմ նրա համար, որ երկու ամսից քննություններս ավարտվում են:
 
    Դպրոցում պաշտել եմ գրադարանը, սակայն չեմ կարողանում մինչև այժմ համակերպվել այն մտքի հետ, որ միջինի գրադարանն այլևս չկա:
Դպրոցում իմ կողմից ողջունելի էր locker-ների՝ միջանցքի պահարանների առկայությունը: Անկեղծ ասած, միայն ամերիկյան ֆիլմերում էի տեսել նմանատիպ բան:
 
    Սակայն չեմ մոռանում անդրադառնալ նաև թերություններին դպրոցի: Նախ, առաջին թերությունն այն է, որ դպրոցը շատ է ենթարկվում վերանորոգումների: Միջանցքը փոխվում է, դասարաններն էլ, միջավայրն էլ: Միգուցե սա լավ է՝ հարմարվելու քսանմեկերորդ դարին, որի մեջ ահռելի արագությամբ են տեղի ունենում փոփոխություններ: Սակայն, եթե տարիներ հետո այցելության գամ այստեղ, չեմ կարող ասել այպիսի խոսքեր. «Սա այն անկյունը չէ, որտեղ այսինչ գիրքն էինք կարդում, սա այն վայրը չէ, որտեղ իմ ժամերն էի անցկացնում»: Անգամ արվեստի դասարանն էլ գոյություն չունի:

 
    Սակայն, եթե հարցնեք, թե արդյոք ուզում եմ լքել դպրոցը, ապա կպատասխանեմ՝ այո: Արդեն այո: Գիտեք, երեք տարին շատ հագեցած էր և արդեն՝ բավական: Նախ ուզում եմ շուտ ավարտել ընդունելության քննությունները, հետո՝ սովորել համալսարանում: Իսկ առաջին պատճառը միգուցե այն է, որ արդեն ուզում եմ այն մարդկանց, ովքեր ինձ գիտելիք են փոխանցում, ոչ թե անվանեմ դասատու, այլ՝ դասախոս:
 
    Դպրոցն ինձ դարձրեց համարձակ: Համարձակ, որ մենք կլինենք մեր երկրի ապագան, կփոխենք ամեն ինչ դեպի լավը: Մինչ այսօր էլ զարմանում եմ, թե ինչպես կարողացա Արցախի ԿԳ նախարարի կողքին առանց կաշկանդվելու իմ «ճառն» արտասանել: Այդտեղ, նույնպես, կա դպրոցի դերը:
 
 
    Մի խոսքով, ավարտեմ նյութը տիար Բլեյանին շնորհակալության խոսքով: Լուսավոր մարդ, նորարար, վերափոխող պետությունը, իսկ ապա՝ նաև ամբողջ մարդկությունը: Ահա իմ տնօրենը, ով հենց այդ նույն հատկանիշներն էլ փոխանցել է ինձ:
 
Շնորհակալություն ամեն ինչի համար: ​
Advertisements